Ակնհայտ է, որ գոնե վերջին 1-1.5 տարին, չհաշված որոշակի կարճաժամկետ սրացումները, որոնք չի կարելի համարել դասական սրացում, որովհետեւ մենք մեր դինամիկայում ունեցել ենք ավելի լուրջ սրացումներ, ունենք հիմնականում կայուն իրավիճակ առաջնագծում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դիվանագետներն ավելի հստակ կպատասխանեն, թե արդյո՞ք դա երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունն էր, ուժային բալանսի հստակեցումը, թե՞ այլ:

«Չնայած դրան, տեսնում ենք Ադրբեջանի զինված ուժերի, այդ թվում՝ Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների ինտենսիվացում կամ դրանց ներկայացում: Ասել է թե՝ ունենք փաստ, որ համեմատաբար հանգիստ վիճակ է, բայց նաեւ ունենք փաստ՝ պատրաստություն ռազմական գործողություններին՝ Ադրբեջանի պարագայում: Միաժամանակ ունենք սպառազինությունների ձեռքբերում, հռետորաբանություն, որը, սակայն, մի փոքր նվազել է»,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Արցախի զինված ուժերը եւս մշտապես իրենց գործունեությունը շարունակում են՝ զորավարժություններ, զենք-զինամթերքի ձեռքբերում, մարտունակության բարձրացում եւ այլն:

«Մեզ հետ չի կարելի շանտաժի լեզվով խոսել՝ եկեք բանակցենք, թե չէ՝ կկրակենք, եկեք խելոք զիջեք, թե չէ պատերազմ կսկսենք: Մենք ասում ենք՝ եթե բանակցում ենք, եկեք բանակցենք, եթե պետք է կրակենք, ձեզնից ավելի շուտ ու լավ կկրակենք: Մենք կողմնակից ենք բանակցելուն:

Եթե մինչեւ հիմա Ադրբեջանը կարողացել է խոսել այն դիրքերից, որ բանակցելու այլընտրանք պատերազմն է, իսկ ես պատերազմ սանձազերծելու մենաշնորհ ունեմ, ոչ, հիմա դու այլեւս չունես այդպիսի մենաշնորհ, ոչ ոք քեզ չի տվել նման իրավունք»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը: