Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել Երեւանում գործող դեղատներից մեկում կեղծ թղթադրամների իրացման վերաբերյալ։

ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների  եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամներ իրացրած անձը եւ թղթադրամների պատրաստման եղանակը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացին  տպարանում պատվիրել է տպագրել 10.000 դրամանոց թղթադրամներ՝ կասկած չհարուցելու համար դրանց ներքեւի հատվածում նշելով՝ «տպագրված է նկարահանման համար»։ Այնուհետեւ նշված թղթադրամների վրայից գրառումները կտրել եւ կեղծ թղթադրամներն իրացրել է Երեւանում եւ  տարբեր մարզերում:

Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են լազերային տպիչ սարքերը եւ 368 հատ դեռեւս ոչ վերջնական տեսքի բերված 10 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ։

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածով։ Միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ թղթադրամների այլ նմուշներ հայտնաբերելու եւ իրացման այլ դեպքեր բացահայտելու ուղղությամբ։

Կատարվում է նախաքննություն։

Ուշադրություն․ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն նշված ԴԱ 90333076 սերիայով 10 հազար դրամանոց թղթադրամներ, կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 015-56-27-24: