Շատ կարեւոր է, թե ինչ համատեքստում են արտահայտությունները կիրառվում. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունում սուբստանտիվ բանակցություններ արտահայտությունը կիրառվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման կոնտեքստում: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այսինքն պետք է ամրապնդվի հրադադարի ռեժիմը, որ հնարավոր լինի անցնել սուստանտիվ բանակցությունների: Ակցենտը դրվում է հրադադարի ռեժիմի ամրապնդման վրա, իսկ հրադադարի ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածությունները գիտեք, երբ են ձեռք բերվել»,-ասաց նա:

Անդրադառնալով հումանիտար ծրագրերն, նա ընդգծեց. «Հումանիտար ծրագրերը պետք է լինեն իրական ու արժանահավատ, ոչ թե լինեն քարոզչական բնույթի: Մեր հիմնական դիրքորոշումն այնպիսին է, որ իրականացվեն այնպիսի ծրագրեր, որոնք իրական են եւ նպաստում են խաղաղության հաստատմանը, եւ հերթական քարոզչական գործիքը չեն»:

Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ դեռ մոսկովյան հնգակողմ հանդիպումից հետո եղավ հայտարարություն հումանիտար ծրագրերի (գերիների փոխանակում, գյուղատնտեսական աշխատանքներիժամական հրադադարի ռեժիմի չխախտում) կյանքի կոչման մասին: Նրա խոսքով, այդ մասին խոսակցությունը շարունակվել է նաեւ վաշինթոնյան հանդիպման ժամանակ: Համանախագահների կողմից արվել են որոշակի առաջարկություններ, որոնք դեռեւս պետք է դիտարկման ենթարկվեն: Այս առումով մեզ համար գլխավորն այն է, որ այդ ծրագրերը լինեն արժանահավատ»: