Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը չորեքշաբթի հայտարարել է լրագրողներին, որ երկրից կհեռանա Կանտ քաղաքի ռուսական ավիաբազայից։

«Կթռչեմ Կանտից։ Չէ, չմտածեք, ռմբակոծիչ չէ, ոչ էլ կործանիչ, սովորական ինքնաթիռ է»,- ասել է նա։

Երկուշաբթի Ղրղզստանի նախկին նախագահն ասել էր, որ նախատեսում է թռչել Մոսկվա չորեքշաբթի «մի երկու օրով»։ Ուղեւորության նպատակի մասին Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպումների ժամանակ Աթամբաեւը չի նշել՝ ասելով, որ դա «կոնֆիդենցիալ տեղեկատվություն» է։

Անցած շաբաթ միլիցիայի աշխատակիցները երրորդ անգամ Աթամբաեւին կանչել էին հարցաքննության երկրի ՆԳՆ Գլխավոր քննչական վարչություն ցուցմունքներ տալու համար որպես վկա քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւին ապօրինի ազատ արձակելու գործով։ Բայց այդ ծանուցումը նախկին նախագահը, ինչպես եւ նախորդ երկուսը, անտեսել է՝ ասելով, որ «անգամ ձեռքը չի վերցնի դրանք»։ Ղրղզական օրենքներով երեք չներկայանալուց հետո իրավապահ մարմինները իրավունք ունեն հարկադրաբար բերման ենթարկելու վկային։ Ավելի վաղ աղբյուրը ՆԳՆ-ում ՌԻԱ «Նովոստի»-ին ասել էր, որ ներկա պահին Աթամբաեւի թռիչքի ոչ մի սահմանափակում չկա։

Ղրղզստանի խորհրդարանը հունիսի 20-ին դատախազություն էր հանձնել նախկին նախագահի մեղադրանքների ցանկը, որը պատրաստել է հատուկ պատգամավորական հանձնաժողովը։ Վերահսկիչ մարմինը եզրակացություն է տվել այն մասին, որ նախկին նախագահը կարող է հանցակից լինել կոռուպցիայի, Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման, կեղծ բժշկական տեղեկանքներով Ազիզ Բատուկաեւի ազատ արձակման, հողերի ապօրինի սեփականաշնորհման եւ այլ գործերում։ Եթե դատարանը Աթամբաեւին մեղավոր ճանաչի, նրան կարող է ցմահ բանտարկություն սպառնալ։

Աթամբաեւն ինքը  խորհրդարանականների մեղադրանքներն անվանել է «անհեթեթ» եւ ասել, որ մաքուր է ժողովրդի առջեւ եւ պատրաստ է պատասխան տալ իր բոլոր արարքների համար։

Ալմազբեկ Աթամբաեւը երկիրը ղեկավարել է 2011-2017 թվականներին։ Նա միակ համաժողովրդական ընտրված նախագահն է, որը կամովին իշխանությունը ընտրություններից հետո տվեց պետության նոր ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովին։

Ժեենբեկովի՝ պաշտոնն ստանձնելուց շատ չանցած Աթամբաեւի թիմի մի շարք պաշտոնյաների հանդեպ քրեական գործեր հարուցվեցին կոռուպցիոն հոդվածներով։ Դատի տակ են երկու նախկին վարչապետերը, մայրաքաղաքի երկու նախկին քաղաքապետերը եւ մի շարք այլ հայտնի քաղաքական գործիչներ։ Նրանք բոլորը քանիցս իրենց մեղադրանքներն անվանել են «քաղաքականացված»։