Հեղեղումները վնասել են ավելի քան 8 մլն մարդու Հնդկաստանի արեւելյան Բիհար նահանգում, տարերքը 106 մարդու կյանք է խլել, տեղեկացնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին։

Երեքշաբթի օրվա տվյալներով՝ տարերքը ընդհանուր առմամբ վնասել է 8 մլն 55 հազար մարդու նահանգի 12 շրջաններում։ Ամենից շատ տուժել է Սիթամարհի շրջանը, որտեղ զոհվել է 27 մարդ։

Տեղեկացվում է, որ հեղեղումների պատճառ են դարձել հորդառատ անձրեւները Նեպալի տարածքում, որոնք առաջ են բերել մի քանի գետերի ջրի մակարդակի բարձրացում։ Տարերային աղետների հետեւանքների վերացման վարչության տվյալներով՝ ներկայում գետերի ջրի մակարդակը սկսել է իջնել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

 Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը Հնդկաստանին հարեւան Նեպալում մոտ 90-ի է հասնում, եւս 31 մարդ համարվում է անհետ կորած։