Համաներմամբ ազատ արձակված շուրջ 650 անձանցից 88-ը հայտնաբերվել են կրկին հանցագործություն կատարելուց հետո: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը:

Նրա խոսքով, սրանք բացահայտված դեպքերն են եւ կարելի է ենթադրել, որ համաներմամբ ազատ արձակվածները նաեւ կատարել են հանցագործություններ, որոնք դեռեւս բացահայտված չեն. «Այդ անձինք կատարել են 178 հանցագործություն, այսինքն միջինը յուրաքանչյուրը 2-ից ավելի հանցագործություն է կատարել»

Իր հերթին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նկատեց, որ բացի համաներմամբ ազատ արձակված 650 անձանցից, էլի անձինք են հայտնվել ազատության մեջ. «2019-ի հունվարի 1-ի դրությամբ 1248 դատապարտյալ ավելի քիչ է եղել ՔԿՀ-ներում, քան 2018-ի հունվարի 1-ին: Այսինքն բացի համաներումից, էլի կան մարդիկ, որոնք դրսում են հայտնվել եւ նրանց մեջ էլ կան անձինք, որ կրկնակի հանցագործություն են կատարել»,-ասաց նա:

Շտաբի պետն էլ հավելեց, որ համաներումով դուրս եկած անձինք կատարել են բազմապիսի հանցագործություններ՝ սկսած սպանություններից, սպանության փորձերից, ավազակության դեպքեր ունենք, կողոպուտի դեպքեր, բայց մեծամասնությունը իհարկե, գողության դեպքերն են 118, որից 21-ը բնակարանային գողություններ են, ունենք նաեւ թմրամիջոցների իրացման դեպքեր եւ այլն: