Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանը հուլիսի 24-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Հուշագիրը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանում աղբագոյացման եւ աղբահավաքման մասին տվյալների շտեմարանի եւ քարտերի ստեղծմանը։ Հուշագրի ստորագրումից առաջ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ կոշտ աղբի վերահսկման եւ վերացման հարցով հսկայական աշխատանք է կատարվել։ «Ցավոք, մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Մենք նախատեսում ենք, որ պետք է, սկզբի համար, ավելի թափանցիկ դարձնենք մեր ռազմավարությունը, որպեսզի ճշտենք քայլերը, որոնցով պատրաստվում ենք առաջ ընթանալ, եւ այս համատեքստում Հայաստանի Ամերիկյան համալսարանի գիտական ներուժը, ինչպես նաեւ միջազգային փորձի հասանելիությունը կարող են մեզ համար շատ օգտակար լինել։ Իսկ ինտերակտիվ քարտը, որը պետք է ցուցադրի գոյություն ունեցող իրողությունները, ոչ միայն ռազմավարական, այլ նաեւ մարտավարական կառավարման լավ գործիք է, հատկապես այս փուլում»,- ընդգծել է փոխնախարարը։

Իր հերթին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Քարին Մակիդեսը գոհունակություն է հայտնել նման համագործակցության առիթով՝ նշելով, որ միջազգային փորձի կիրառումը հանրապետությունում կարող է բավական դրական արդյունքներ ունենալ, հատկապես աղբի վերահսկման հարցում։