Կոռուպցիայի դեմ պայքարի առաջին պայմանը մտածողությունը փոխելն է։ Այս մասին «Տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելման  նպատակով մեխանիզմների ներդնում. միջազգային փորձը եւ հետագա զարգացումը» թեմայով համաժողովում հուլիսի 24-ին ասաց Հայաստանի արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ որպեսզի կարելի լինի կիրառել հակակոռուպցիոն մեխանիզմներ, այդ թվում համայնքների եւ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, պետք է  փոխել վերաբերմունքն այդ երեւույթի հանդեպ։ «Բացի այդ, կարեւոր է նաեւ մշակել ռազմավարություն, որը կհիմնվի անցյալի փորձի հաշվառման վրա եւ կունենա վերջնանպատակ։ Միեւնույն ժամանակ, սանդղկաները պետք է իրատեսական լինեն, այսինքն՝ ոչ այնքան իջեցված եւ ոչ այնքան բարձրացված»,- նշել է նա։

Փոխնախարարն ընդգծել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ինտեգրման կարեւորությունը տեղերում հակակոռուպցիոն ռազմավարության համապատասխան մեխանիզմների մշակման վերաբերյալ քննարկումներին։ «Կոռուպցիայի ռիսկերի նվազման նպատակով արդարադատության նախարարությունը նախատեսում է ներդնել սպասարկումների մատուցման էլեկտրոնային համակարգ պետական մարմինների մեծ մասում, այդ թվում տեղերում»,- ավելացրել է Աննա Վարդապետյանը։

Անդրադառնալով անցումային արդարադատության խնդրին՝ նա ասաց, որ վերջնանպատակը պետք  է դառնա դատական համակարգի հանդեպ վստահության բարձրացումը։