Մեկ տարի է ոտնահարվում են իմ իրավունքները, ոտնահարվում են լկտի ձևով, և ես իրավունք ունեմ այդ մասին բարձրաձայնել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ին Վերաքննիչ քրեական դատարանում իր գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության ներկայացրած բողոքի քննությանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինիս խոսքով՝ իր գրասենյակից առգրավվել են փաստաթղթեր, որոնք վկայում էին իր գույքի և եկամուտների օրինականության մասին։

 Խոսելով իր գրասենյակում և առանձնատանը կատարված խուզարկության, ինչպես նաև իր գույքի վրա կալաքն դնելու մասին, երկրորդ նախագահն ասաց.

«Իմ տպավորությամբ սա մի պրակտիկա է, որը Հայաստանում գոյություն ունի, այնքան սովորական է այս ամենն արվում, որ ես շշմում էի, թե ոնց է կարելի օրենք խախտել։ Զարմանալի էր, որ կենսաթոշակի հարցով ասում էի լավ, ես պետք է թե կոմունալ և թե փաստաբանական ծախսերը հոգամ , ինչու՞ եք այնպես անում, որ ես ստիպված օգտվեմ իմ հարազատների աջակցությունից, դա ինձ համար պատիվ չէ։ Սա մի պրակտիկա է, երբ մարդուն զրկում են ամեն ինչից, նաև պաշտպանվելու հնարավորություններից մեկ նպատակով՝ երևի խեղճացնելու, ինչ–որ նպատակի հասնելու։ Հարցնում եք, թե 27.000 դոլարն ինչու՞ են վերցրել, ես ասում եմ շոկից, երևի սեյֆը բացել, տեսել են 4 մլրդ չի, 27. 000 է, շոկի մեջ են ընկել»։

Այս հայտարարությունից հետո դահլիճում ներկա գտնվողները սկսեցին ծափահարել: Դատավոր Արսեն Նիկողոսյանը Քոչարյանից խնդրեց հեգնական տոնով չխոսել՝ հավելելով, որ մարդիկ իրենց աշխատանքն են կատարում: Ի պատասխան Քոչարյանն ասաց, որ դատարանն այն տեղն է, որտեղ մարդ իրավունք ունի իր կարծիքն ասել և իրավունք ունի օգտագործել այն բառապաշարը, որը ճիշտ է համարում։

«Մեկ տարի է  ոտնահարվում են իմ իրավունքները, ոտնահարվում են լկտի ձևով և ես իրավունք ունեմ ա դրա մասին բարձրաձայնեմ»,–հայտարարեց երկրորդ նախագահը։