Անթույլատրելի է մտածելն անգամ, թե ոստիկանները համագործակցում են գրպանահատների, կամ ցանկացած հանցագործություն կատարած աձի հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով պնդմանը, որ ոստիկանները համագործակցում են գրպանահատների հետ, եւ բռնում-բաց են թողնում:

«Այդպիսի ոստիկանին մենք համարում ենք դավաճան, մեր մեջքի հետեւից մեզ հարվածող: Մենք ունենք տվյալներ, թե ովքեր են Հայաստանում գրպանահատություն իրականացնում, ունենք նրանց բոլոր տվյալները: Չեմ բացառում, որ կան նորերը, որոնք ի հայտ են գալիս: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվում ստորագրությունը:

Չկա գրպանահատ, որի նկատմամբ կիրառվի խափանման միջոց կալանքը: Այստեղ օրենսդրական փոփոխություն պետք է կատարել, կա համապատասխան նախագիծ, որը վերջ կդնի այս վիճակին»,-ասաց նա: