Առաջին ատյանի դատարանը արդեն մեկ ամիս է Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով դատական նիստ չի նշանակել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ին դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Արդեն մեկ ամիս է անցել, սակայն անհապաղ քննության հարցը, որև մեկ երկու օրում պետք է քններ, չի քննվում, քանի որ մինչ օրս դատական նիստ նշանակված չէ։ Որքան այդ պրոցեսը երկարում է, այնքան խախտումներն ավելի ճչացող են դառնում»,–ասաց նա։

Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։

Քոչարյանը երրորդ անգամ կալանավորվել է հունիսի 25-ին. Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ որոշել էր կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։