«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում:

Հաշվի առնելով հիմնադրամի գործունեության նպատակը, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու դեպքերի ավելի մեծ ծավալի հատուցման կարեւորությունը, ներկայացրել եմ օրենսդրական փոփոխության նախագիծ, համաձայն որի առաջարկում եմ հատուցում նախատեսել նաեւ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մասով:

Այս պահին հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները կազմում են մոտ 17 մլրդ դրամ, իսկ 2,5 տարվա ընթացքում հատուցումների գումարը կազմել է ընդամենը 1,2 մլրդ դրամ: Հետեւաբար, նախագծով առաջարկվող փոփոխությունը չի վտանգի հիմնադրամի ֆինանսական կայունությանը: Ավելին, օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասը նույնպես նախատեսում է շահառուների այլ շրջանակի եւ հատուցումների ավելացնում՝ կախված ֆինանսական գործունեության արդյունքներից։