ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքը, իսկ առաջին ատյանի դաստարանի հունիսի 7–ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հունիսի 7–ին որոշում էր կայացրել և արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախատումը, իսկ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել։

Դատախազությունը, սակայն համարում է, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումն օրինական է և բողոքարկել է այս որոշումը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց օրեր անց՝ 2018թ. հուլիսի 30-ին Հատուկ քննչական ծառայության  քննիչի որոշմամբ նրա ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։

Արգելանք էր դրվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն Մարդու իրավուքնների պաշտպանի պահանջով  հանվել էր:

Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։ Քոչարյանը երրորդ անգամ կալանավորվել է հունիսի 25-ին. Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ որոշել էր կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։