Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը օրերս որոշում է կայացրել 800.000 դրամ գրավի դիմաց ազատ արձակել հուլիսի 18-ին Երևանյան խճուղում 13-ամյա աղջնակի մահվան ելքով վրաերթի ենթարկելու կասկածանքով ձերբակալված 51–ամյա տղամարդուն։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

 Նշենք, որ քննիչը դատարանին միջնորդել էր երկու ամսով կալանավորել կասկածյալին։

Ավելի վաղ հայտնել ենք հուլիսի 18-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի էր ենթարկել13-ամյա Արփինե Գ– ին։ Վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել էր։