Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է  կայացրել Յուրի Վարդանյանն ընդդեմ Հայաստանի գործով:

Հայցը ՄԻԵԴ էր ներկայացվել  2007 թվականին Բուզանդի փողոցի բնակիչներ Յուրի Վարդանյանի, Արտաշես Վարդանյանի եւ Շուշանիկ Նանուշյանի կողմից, քանի որ 1.358 քառ մ մակերեսով նրանց սեփականությունը օտարվել էր պետության օգտին, իսկ տարածքի իրական գումարի՝ 276 մլն դրամի փոխարեն, նրանք ընդամենը 54 մլն դրամ էին ստացել:

Պետական շահերի զոհերը փաստաբան Վահե Գրիգորյանի միջոցով անցել էին բոլոր ներպետական դատական ատյանները եւ չհասնելով արդարության, դիմել ՄԻԵԴ: Ընդ որում Վճռաբեկ դատարանը, ի դեմս դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, պարզապես մերժել էր հայցը:

Ավելի վաղ ՄԻԵԴ-ը արձանագրել էր Հայաստանի քաղաքացիների արդար դատավարության  իրավունքների խախտումը: Դատարանը Հայաստանի Կառավարությանը ժամանակ էր տրամադրել հայցվորների հետ հարցի կարգավորման համար, հակառակ դեպքում ՄԻԵԴ-ը պետք է որոշեր փոխհատուցման չափը:

2019 թվականի հուլիսի 25-ի որոշման համաձայն՝ ՄԻԵԴ-ը  Հայաստանին պարտավորեցրել է Վարդանյանին 1,602,000 եվրո վճարել: