Հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած մոտ հարյուր ՀՀ քաղաքացիների մի մասը գտնվում է օդանավակայանում, իսկ մի մասը հյուրանոցներում են։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց  Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը։

Վերջինս նշեց, որ հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին, որի պատճառով էլ չվերթը չեղարկվել է։

«Նրանք ասում են, որ հայկական տուրօպերատորն իր ֆինանսական պարտականությունները չի կատարել, դրա համար չեղարկել են չվերթը»,–ասաց նա։ Մովսեսյանի խոսքով՝  ինքնաթիռը պատկանում է հունական ավիափոխադրող ընկերությանը, որն էլ պատրաստ է գումարը ստանալու դեպքում՝ մինչև առավոտ իրականացնել չվերթը։

Մովսեսյանը տեղեկացրեց, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է ավիափոխադրողի հետ։

 Հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու քաղաքացիների կեցության հարցը,  Մովսեսյանը պատասխանեց.

«Մենք 24 ժամ կապի մեջ ենք քաղաքացիների հետ, ասում ենք ինչով հնարավոր է՝ կաջակցենք, բայց պետք է հասկանալ, որ դեսպանությունն առանձին բյուջե չունի քաղաքացիների հյուրանոցային ծախսերը հոգալու համար»։

 Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։

 Հիշեցնենք, որ հուլիսի 23–ին էլ չեղարկվել էին Երևան– Շարմ Էլ Շեյխ  և հակառակ ուղղությամբ չվերթները։