Արցախում նախընտրական շրջանում որոշ քաղաքական գործիչների կողմից կանխատեսվող «ցնցումների», երկրի ներքաղաքական զարգացումների մասին NEWS.am-ի հետ զրույցում խոսել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Մամուլում մի քանի անգամ գրվել է, այդ մասին ակնարկել են նաև որոշ գործիչներ, որ առաջիկայում Արցախում ցնցումներ են սպասվում, արտահերթ գործընթացներ և այլն: Ի՞նչ իրավիճակ է Արցախում:

- 8-9 ամսից Արցախում համապետական ընտրություններ են, յուրաքանչյուր ուժ իր պայքարի մարտավարությունն ունի, սակայն դրանք պետք է տեղավորվեն օրինականության շրջանակներում, հակառակ դեպքում, համապատասխան կառույցները, օրենքով վերապահված իրենց լիազորությունների շրջանակներում կգործեն ու կկանխեն ցանկացած գործընթաց, որը կվտանգի մեր ներքին և արտաքին անվտանգությունը:

Ուզում եմ հույս ունենալ, որ ողջամտությունն ու տրամաբանությունը կգերիշխեն և ընտրություններին մասնակցի ուժերն ու գործիչները կգործեն բացառապես ռացիոնալ դաշտում:

Կա՞ թեկնածու, որին աջակցում է նախագահ Բակո Սահակյանը:

-Եթե այս պահին նման գործիչ լիներ, դրա մասին հասարակությունը կիմանար: Պետք չէ կարծել, թե կա գաղտնի գործընթաց, որտեղ նախագահն ունի իր ֆավորիտները և կուլիսային ձևով նրանց առաջ է մղում: Նախագահն իր ասելիքն այդ մասով կհայտնի, երբ ժամանակը գա և պարզ լինի թեկնածուների այն շրջանակը, ովքեր պայքարելու են այդքան պատասխանատու պաշտոնի համար:

Սպասե՞նք, որ նախագահն այդ գործընթացներում ակտիվ է լինելու:

աջորդ տարի սպասվող ընտրական գործընթացներին ընդառաջ, նախագահի առաջնային խնդիրն Արցախը ներքին և արտաքին վտանգներից զերծ պահելն է, ցնցումներն ու անկայուն պրոցեսները չպետք է տեղ գտնեն մեր կյանքում, դա անթույլատրելի է:

Այս տեսանկյունից, նախագահն իր լիազորությունների շրջանակներում անելու է առավելագույնը համապետական ընտրությունները՝ օրինականության և արդարության շրջանակներում անցկացման և քաղաքական գործընթացների սահունության ապահովման հարցում:

Ինչ մնում է նախագահի ակտիվությանը, ապա ընտրություններից հետո էլ նախագահն իր ակտիվությունը պահպանելու է և իր գործունեությամբ նպաստելու է մեր երկրի տնտեսական զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը: