ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ հայ-վրացական բազմադարյա բարեկամական հարաբերությունները առավել ամրապնդելու հարցում։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Զոհրաբ Մնացականյանը եւ Արչիլ Թալակվաձեն  գոհունակությամբ ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության ակտիվ դերակատարությունը՝ որպես Հայաստանի եւ Վրաստանի օրենսդիր մարմինների միջեւ հաստատված արդյունավետ հարթակի։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ Վրաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւորեցին նաեւ երկու երկրների խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջեւ պարբերական հանդիպումների անցկացումը:

Զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծեցին վիրահայ համայնքի կարեւոր դերակատարությունը ինչպես Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքում, այնպես էլ՝ երկու հարեւան եւ բարեկամ ժողովուրդների ու պետությունների առավել մերձեցման գործում:

Զոհրաբ Մնացականյանը եւ Արչիլ Թալակվաձեն մտքեր փոխանակեցին տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցերի շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները՝ շեշտելով խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորման առաջնահերթությունը:

Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը գրառում կատարեց Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի մատյանում:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հանդիպմանը մասնակցում էին նաեւ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Քացարավան, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Ռուսլան Պողոսյանը  եւ Սամվել Մանուկյանը: