ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մասնավորապես՝ ՔԿ նախագահը հանդիպել է Կրասնոյարսկի մարզի մարզպետ Ալեքսանդր Ուսի, Կրասնոյարսկի մարզում գլխավոր դաշնային տեսուչ Սերգեյ Բլինովի, ՌԴ ՆԳՆ Կրասնոյարսկի մարզի գլխավոր վարչության պետ, գեներալ լեյտենանտ Ալեքսանդր Ռեչիցկիի, ՌԴ ՆԳՆ Սիբիրի իրավաբանական ինստիտուտի պետի պաշտոնակատար Ալեքսեյ Կալուգինի եւ Սիբիրի դաշնային համալսարանի ռեկտոր Սվետլանա Բասալեւայի հետ:

Կրասնոյարսկի մարզի մարզպետ Ալեքսանդր Ուսի հրավերով Հայկ Գրիգորյանը հանդիպում է ունեցել Սիբիրի դաշնային համալսարանի ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում ուսանողներին է ներկայացվել զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատերազմական հանցագործություններ կատարելու համար պատասխանատվության ենթարկելու հարցում «համատեղ հանցավոր գործողությունների» դոկտրինի դերն ու նշանակությունը:

Ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ՀՀ ՔԿ նախագահին: Վերջիններս, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցների կիրառման, այլ երկրների քննչական կոմիտեների հետ համագործակցության, ինչպես նաեւ՝ ՀՀ ՔԿ ծառայողների սոցիալական երաշխիքների մասին:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը սպառիչ պատասխաններ է տվել ուսանողների հարցերին, միեւնույն ժամանակ ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու տեսլականը:

Հանդիպման ավարտին Հայկ Գրիգորյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: