ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակասությունը թեժանում է, սակայն երկու կողմերն էլ ցանկանում են խուսափել պատերազմից: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ավագ վերլուծաբան Բեհնամ Բեն Թալեբլուն:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը.

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակասությունների շուրջ. Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր, արդյո՞ք այն իրականում մոտ է պատերազմականի:

Հենց հիմա Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ իրավիճակը կարող է նկարագրվել որպես «ով կզիջի առաջինը» խաղ: ԱՄՆ-ն ավելացնում է պատժամիջոցների ճնշումը Իրանի վրա՝ «առավելագույն ճնշում» գործադրելու Թրամփի վարչակազմի մարտավարության շրջանակներում:
Միացյալ Նահանգները դուրս էր եկել միջուկային գործարքից ավելի քան մեկ տարի առաջ: Այդ ընթացքում, առաջին տարին Իրանը փորձում էր «ռազմավարական համբերություն» ցուցաբերել, հույս ունենալով դիմանալ, մինչեւ Թրամփի վարչակազմի հեռանալը: Սակայն, քանի որ պատժամիջոցների ճնշման մակարդակն ավելացավ, Իրանը որոշեց փորձել հակահարված տալ եւ իրականում 2019-ի ապրիլ-մայիսից սկսած արդեն իրականացնում է քաղաքականություն, որն ուղղված է ԱՄՆ-ի դեմ իրավիճակի սրմանը: Եմենում, Իրաքում, Սիրիայում, աշխարհի բազմաթիվ շրջաններում, որոնք Ամերիկայի ուշադրության կենտրոնում են, Իրանը սկսում է սրել իրավիճակը: Այսպիսով, Իրանը ոչ միայն որոշել է խախտել միջուկային գործարքի պայմանները, այլեւ սկսել է ապակայունացնել եւ թշնամական գործողություններ իրականացնել, որոնք ոչ միայն Ամերիկայի դեմ են, այլեւ դեմ են այլ երկրների շահերի. Իրականացվել է ականապատման փորձ առնվազն 4 նավերի դեմ հենց Պարսից ծոցում եւ այս գործողությունները հավանաբար շարունակվելու են: Իրանը նաեւ փաստացի պատանդի կարգավիճակում է պահում բրիտանական նավթակիր նավը, ինչին ի պատասխան Բրիտանիան գործողություններ է իրականացրել իրանական նավթակրի դեմ, որը խախտում էր Եվրամիության պատժամիջոցները: Այսպիսով, կարծում եմ իրավիճակը միանշանակ թեժանում է, սակայն, երկու կողմերն էլ ցանկանում են խուսափել պատերազմից: Հենց այդ պատճառով են նրանք շարունակում այս անուղղակի «կամքի մրցույթը»:

Ո՞րն է, ըստ ձեզ, տոկոսային հարաբերակցությունը, որ այս մրցույթը կավարտվի նոր գործարքով կամ պատերազմով:

Կարծում եմ, հավանաբար, մոտ ապագայում, առնվազն մինչեւ ամառվա վերջը, որից հետո սեպտեմբեր-հոկտեմբերի սկզբին կսկսվի ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նստաշրջանը, այս ժամանակահատվածում իրավիճակը հիմնականում նույնն է մնալու՝ ոչ պատերազմ, ոչ գործարք, հավելյալ ճնշումներ եւ հավելյալ սրացում, նոր մրցույթներ եւ կամքի փորձարկումներ երկու կողմերից: Սկզբունքայնորեն, կարծում եմ, հնարավոր է Իրանին համոզել բանակցային սեղանի շուրջը նստել, եւ այս սրացումը կարելի է դիտարկել հետեւյալ կերպ՝ Իրանը լծակներ է փնտրում, որպեսզի երբ ի վերջո վերադառնա բանակցությունների սեղանի շուրջը, ձեռքին որոշակի լծակներ ունենա, քանի որ Իրանը ցանկանում է վերացնել իրեն վնաս պատճառող հանգամանքը՝ պատժամիջոցները: Ճիշտ կլիներ չկանխատեսել պատերազմի հավանականությունը եւ կրկնեմ՝ երկու առաջնորդները պատերազմ չեն ցանկանում ուստի ուղղակի պատերազմը քիչ հավանական է:

Այս հակամարտության մեջ կողմերը, հատկապես Իրանը, այլ երկրներ են ներառում: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս իրավիճակը Հայաստանի եւ ընդհանուրառմամբ Հարավային Կովկասի համար:

Բարդ է որոշել, թե Կովկասում ամերիկա-իրանական այս «կամքի մրցույթը» ինչպես կարող է արտահայտվել: Հայաստանը սերտ քաղաքական եւ տնտեսական կապեր ունի Թեհրանի հետ, Թեհրանն ավելի հայամետ կողմ է գրավում հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, մինչդեռ Ադրբեջանն այսօր սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, այնպես որ Իրանն այլ կերպ է դիտարկում Ադրբեջանին եւս: Այս աշխարհաքաղաքական դինամիկան անշուշտ առկա է:

Սակայն, անուղղակի այս պրոքսի պատերազմներում ես չեմ տեսնում Կովկասի դերը: Մերձավոր Արեւելքում են ծավալվում հիմնական հակամարտությունները, Իրանն այնտեղ օգտագործում է տեղի բնակչությունը ամերիկյան գործընկերների շահերի դեմ: Հնարավոր է, գա ժամանակ, երբ Իրանն այդ մոդելը կիրառի նաեւ Կովկասում, սակայն, դրան իրավիճակը դեռ չի հասել: Ուստի, Հայաստանի համար լավագույն քայլն այս իրավիճակում կլիներ հավաստիանալ, որ իր տնտեսությունը լիարժեք տարանջատված է Իրանի տնտեսությունից, որպեսզի խուսափի երկրորդական պատժամիջոցների ազդեցությունից: Ճիշտ կլիներ նաեւ աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ վստահ լինելու, որ իրանական ցանկացած ապօրինի փորձ չի իրականացվում հայկական տարածքում:

Նախորդ շաբաթ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներն ԱՄՆ-ում կոչէին անում Հայաստանի դեմ Իրանի պատժամիջոցները չկիրառել, ասելով, որՀայաստանը երբեմն այլընտրանք չունի: Արդյո՞ք Միացյալ Նահանգները կշարունակիըմբռնումով մոտենալ Հայաստանի համագործակցությանն Իրանի հետ:

Իրանի հետ Հայաստանի սերտ քաղաքական եւ տնտեսական համագործակցության վրա աչք փակելը կհակասեր ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա իրականացվող առավելագույն ճնշման քաղաքականությանը, սակայն, երբեմն Միացյալ Նահանգներն ըմբռնումով է մոտենում տարածաշրջանի որոշ երկրների բնակչության կարիքներին, որի համար կարեւոր են Իրանից ստացվող ապրանքներն ու ծառայությունները: Օրինակներից մեկը Իրանի կողմից Իրաք արտահանվող էլեկտրականությունն է, որը նախկինում պատժամիջոցների չէր ենթարկվում: Սակայն, թե որքան ժամանակ են նման կերպ բացառություններ արվելու,՝ քաղաքական հարց է: Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է այլընտրանքներ առաջարկել տարածաշրջանի երկրներին, որպեսզի փոխարինեն Իրանի կողմից մատակարարվող ապրանքները՝ լինի Իրաքում, Հայաստանում կամ որեւէ այլ տեղ: Ուստի, իրենց համար բացառություններ անելու երկրների կոչերը առայժմ հիմնավոր են: