Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը Մասիսի Ֆրանկոֆոնիայի պուրակում «ջրոցի» խաղացին (ֆոտոռեպորտաժ):

Հուլիսի 28-ին կայացավ Tour de Masis 3-րդ հեծանվաարշավը: Tour de Masis-ը կազմակերպվել էր Մասիսի զարգացման հիմնադրամի, Մասիսի երիտասարդական կենտրոնի ու Մասիսի ընտանեկան մարզահամալիրի կողմից՝ Երեւանի հեծանվային Ֆեդերացիայի հետ: Հեծանվաարշավին մասնակցում էին շուրջ 100 սիրողական հեծանվորդներ: Մեկնարկը տրվեց Հանրապետության հրապարակից առավոտյան 09:00-ին: Նախքան մեկնարկը, մասնակիցները համարներով հայտագրվեցին, որպեսզի հնարավորություն ունենային մասնակցել խաղարկվող հեծանիվի վիճակահանութանը: Հեծանվորդներին ուղեկցումմ էին ոստիկանական մեքենաներ, շտապօգնության երկու մեքենա:

Հեծանվորդների խումբն առաջնորդում էր Տիգրան Ավինյանը: «Նախորդ անգամ 10 տարի առաջ եմ հեծանիվ վարել: Կարծում եմ՝ այսօր բարդ չի լինի ինձ համար այդ 10 տարվա դադարից հետո նորից վարելը: Սիրով եմ համաձայնել մասնակցել այս արշավին, քանի որ մեծ կարեւորություն եմ տալիս ինչպես առողջ ապրելակերպին, այնպես էլ Հայաստանում հեծանվային սպորտի, հեծանիվ վարելու մշակույթի զարգացմանը: Նմանատիպ նախաձեռնությունը նշանակում են, որ մենք շուտով պատրաստվում ենք Երեւանի փողոցներում տեսնել շատ հեծանվորդներ: Միայն թե Երեւանը պետք է մատչելի լինի հեծանվորդների համար»,- ասաց Տիգրան Ավինյանը: Հեծանվաարշավի մասնակիցներն անցան 16 կիլոմետր տարածություն, միայն մեկ տեղ կանգ առան: Վերջնագիծը Մասիսի Ֆրանկոֆոնիայի պուրակում էր, որտեղ անցկացվեց GT հեծանիվի խաղարկություն: Դեսպանը, փոխվարչապետն ու մյուս մասնակիցները միասին տոնեցին Վարդավառը արդեն իրենց համար նախատեսված ջրով լի դույլերով: Ի դեպ, ամենաակտիվ խաղացողը Տիգրան Ավինյանն էր: Նա ամենառաջինը վազեց դեպի դույլերը եւ ջրեց բոլորին: Հեծանվաարշավի մասնակիցները Երեւան վերադարձան հեծանիվներով:

Լուսինե Շահբազյան