Ամերիկյան Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը վստահ է, որ իր արտադրության էլեկտրաքարերում շուտով կհայտնվի YouTube-ից եւ Netflix-ից վիդեո նայելու նոր գործառույթ։ Այս մասին գործարարը հաղորդել է Թվիթերում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Մասկն ավելի վաղ նշել էր, որ սրահում տեղադրված մոնիթորները կարելի է կիրառել մեքենայում գտնվողներին զվարճացնելու համար։ «Շուտով ձեր Tesla-ում հնարավորություն կստեղծվի նայելու վիդեոներ YouTube-ով եւ Netflixո-վ, երբ մեքենան կանգնած է»,- ասել է գործարարն իր միկրոբլոգում։ Ինչպես նա նշել է, վիդեո նայելու առավելություններից են հարմարավետ նստելատեղերը եւ աուդիոհամակարգը, որը «ծավալուն ձայնի» էֆեկտ է ստեղծում։ Մասկի խոսքով՝ այդ գործառույթը կարող է լինել արդեն առաջիկա ամիսներին։

Tesla-ի ղեկավարը տեղեկացրել է, որ ապագայում այս զվարճությունները հասանելի կլինեն նաեւ այն ժամանակ, երբ մեքենան շարժվում է։ Գործարարի խոսքով՝ դա հնարավոր կդառնա այն ժամանակ, երբ ավտոպիլոտի համակարգերը Tesla մեքենաներում լիովին կկառավարեն տրանսպորտային միջոցն առանց վարորդի։

Tesla ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին Մասկի կողմից։ Սկզբում այն անվանվում էր Tesla Motors, բայց հետագայում վերանվանվեց Tesla։ Նրա կենտրոնատեղին գտնվում է Պալո Ալտոյում (Կալիֆոռնիայի նահանգ)։ Սկզբում ընկերությունը մասնագիտանում էր էլեկտրամեքենաների արտադրության ոլորտում, բայց հետո սկսեց զբաղվել արեւային մարտկոցների եւ էներգակուտակիչ այլ համակարգերի ստեղծմամբ։