ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպումը նախաձեռնելու համար եւ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:

Դեսպանը ընդգծել է, որ դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելով՝ հայրենիք է վերադառնալու ջերմ ու վառ հիշողություններով:

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն ու դեսպանն անդրադարձել են ՀՀ-ում պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու հարցին, երկու երկրների միջեւ իրավական ոլորտում համագործակցությունն առավել խորացնելուն ուղղված աշխատանքներին, «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի կիրարկմանը, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարարի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարվելիք այցի հնարավորություններին: