Արտաքին քաղաքականության մեջ ընդունելի եւ ըմբռնելի կոմպլեմենտարության միջանցքը Հայաստանի համար չափազանց նեղացել է: Այս մասին «Գոլոս Արմենիի» հետ հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, որ քաղաքագետները (այդ թվում՝ ռուսաստանցի) ավելի հաճախ են նրա կալանավորումը կապում վարչապետի ինչ-ինչ խոստումների հետ, որ նա տվել է արեւմտյան վերնախավերին` Հայաստանում ռուսական ազդեցության թուլացման հետ կապված, եւ նրա կարծիքով` ինչպիսի՞ն է իրավիճակը Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ քաղաքական դիմակայության համատեքստում:

«Դա շատ է բարդացնում մի գիշերվա մեջ աշխարհաքաղաքական կողմնորոշումները փոխած իշխանությունների կյանքը: Պարզ է, որ նրանք շարունակում են մտածել այնպես, ինչպես ժամանակին էին մտածում, սակայն ստիպված են ձեւացնել, ձեւական անկեղծություն ցուցադրել, ինչը միշտ չէ, որ ստացվում է: Այստեղից էլ` քաղաքական երկերեսանիությունը, աշխարհաքաղաքական լղոզված ուղենիշները, մշտական ձախողումները եւ որպես հետեւանք՝ գործընկերների հետ ոչ լիարժեք հարաբերությունները: Հնարավոր չէ հաջողությամբ անել մի բան, ինչին չես հավատում, ինչում համոզված չես»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Ի պատասխան այն հարցին, որ վրացական տնտեսության մեջ թուրք-ադրբեջանական գործոնի դերը մեծացել է եւ ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերություններում բարդությունները նոր որակի մարտահրավերներ են պարունակում Հայաստանի ու Արցախի ապագայի համար, եւ մեր երկիրը պատրա՞ստ է արդյոք դիմակայել այդ մարտահրավերներին, թե՞ մենք վերջնականապես կարող ենք կորցնել զարգացման հնարավորությունը, նախկին նախագահը նշել է, որ պետք է ինքերս մեզ շիտակ հարցնենք` ի՞նչ է հարկավոր Հայաստանին մեր տարածաշրջանում ազդեցիկ խաղացող դառնալու համար:

«Ինչո՞վ ենք մենք հետաքրքիր, որո՞նք են մեր առավելությունները հարեւանների համեմատ: Որտե՞ղ են մեր խնդիրները: Ազնիվ պատասխանը հաստատ սփոփիչ չի լինելու: Մենք սեղմված ենք 4 երկրի միջեւ: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: Իրանն ԱՄՆ-ի սեւ ցուցակում է, պատժամիջոցների մշտական ճնշման տակ: Վրաստանն ակտիվորեն ձգտում է դեպի այն աշխարհաքաղաքական դաշինքը, որը հակամարտում է Հայաստանի անդամակցած դաշինքի հետ, որից էլ մենք աշխարհագրորեն կտրված ենք Վրաստանի տարածքով: Ունենք ոչ մեծ, ծերացող բնակչություն` կայուն վատթարացող ժողովրդագրական իրավիճակով, ինչը զրկում է մեզ մասշտաբային տնտեսության էֆեկտից: Չորս հարեւանից երկուսի հետ խնդրահարույց հարաբերությունները հնարավորություն չեն տալիս դառնալու տարածաշրջանային լիբերալ հարթակ տարատեսակ ծառայությունների լայն սպեկտրի համար: Մենք չունենք զգալի բնական պաշարներ, որոնք կհետաքրքեն խոշոր վերազգային կորպորացիաներին: Մեր տարածքը մեծ չէ, եւ նոր հաղորդակցուղիները հեշտությամբ կարող են շրջանցել մեզ: Առկա տրանսպորտային խնդիրներն ազդում են արտադրանքի ինքնարժեքի վրա եւ մեծապես նեղացնում արդյունաբերական զարգացման հնարավոր սեգմենտները: ԽՍՀՄ-ից ժառանգված` տեխնիկապես գրագետ մարդկային կապիտալը, որն անհրաժեշտ է գիտելիքահեն արդյունաբերության զարգացման համար, անվերադարձ մսխվել է: Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը կրճատման նկատելի միտում ունի: Սփյուռքը ձուլվում է բնակության երկրներում ինչպես երկրորդ եւ երրորդ սերունդների օբյեկտիվ շարժառիթների, այնպես էլ գլոբալացման ճնշման տակ ազգային գաղափարի էրոզիայի պատճառով: Նույն պատճառներով թուլանում են հայկական համայնքների ինքնակազմակերպման ավանդական ինստիտուտները: Ավելացրեք դրանց ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը: Սա երկրի առջեւ ծառացած մարտահրավերների` դեռեւս ոչ ամբողջական ցուցակն է:

Հնարավո՞ր է լուծել դրանք` հենվելով պոպուլիզմի եւ կարգախոսային դատարկաբանության վրա: Միանշանակ` ոչ․ դրանց հաղթահարման համար հարկավոր են գերջանքեր, գերկազմակերպվածություն ու գերկոմպետենտություն: Մենք պետք է բացառապես արդյունավետ լինենք յուրաքանչյուր գործում, որ անում ենք, եւ պետք է անենք միայն այն, ինչը մեզ առաջ է մղում: Այսօր ոչ մի նախանշան չկա, որ իշխանությունն ադեկվատ կերպով հասկանում է երկրի առջեւ ծառացած խնդիրների ամբողջ բարդությունը»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: