Իրանը կշարունակի կրճատել միջուկային գործարքով իր պարտավորությունները, եթե չստանա ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանության եվրոպական երաշխիքներ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կանցնենք մեր պարտավորությունների կրճատման 3-րդ փուլին, եթե եվրոպական երկրները ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանվելու երաշխիքներ չտրամադրեն», - ասել է Զարիֆը:

Նա հավելել է, որ «այս պահի դրությամբ եվրոպացիների կողմից ձեռնարկված միջոցառումները բացարձակապես չեն համապատասխանում իրենց խոստումներին»:

Ամենակարևոր քայլերի թվում իրանցի նախարարը անվանել է INSTEX ֆինանսական մեխանիզմի ամբողջական ձևաչափով գործարկումը, որը «չպետք է կախված լինի ԱՄՆ-ի հավանությունից և ենթարկվի դրանց ազդեցությանը»: Ըստ նրա՝ այս համակարգը Թեհրանին պետք է հնարավորություն տա նավթային առևտրից գումարներ ստանալ:

2019-ի մայիսի 8-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանը կասեցնում է միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների մի մասը (հարստացված ուրանի վաճառքը 60 օրով դադարեցնելը):

Հուլիսի 7-ին Թեհրանն անցավ  կասեցման երկրորդ փուլին (հայտարարեց ավելի քան 3,67 տոկոսով ուրանի հարստացման մասին) և խոստացավ նվազեցնել պարտավորությունները յուրաքանչյուր 60 օրը մեկ, եթե մյուս մասնակիցները չհետեւեն ձեռք բերված պայմանավորվածությունները:

ԵՄ-ն  Իրանի հետ INSTEX հաշվարկի մեխանիզմի աշխատանքի մեկնարկի մասին հայտնել էր հունիսի 28-ին քաղաքական տնօրենների մակարդակով միջուկային գործարքի վերաբերյալ նախորդ հանդիպմանը:

Հուլիսի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ INSTEXով կատարվել են մի քանի միլիոնի գործարքներ, թեեւ դա շատ քիչ է: Կիրակնօրյա հանդիպման տվյալներով՝ իրանական կողմը հայտնել է, որ եվրոպացիների ստեղծած մեխանիզմը դեռ չի աշխատել: