Բժիշկները բլոգեր Ալեքսեյ Նավալնու անալիզներում թունավորման նշաններ չեն հայտնաբերել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ԳՀԻ գլխավոր բժիշկ Ալեքսեյ Տոկարեւը։

«2019 թվականի հուլիսի 29-ին թիվ 64 քաղաքային կլինիկական հիվանդանոցից Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ԳՀԻ գլխամասային քիմիա-թունաբանական լաբորատորիա են հասցվել պացիենտի կենսաբանական անալիզները։ Այդ լաբորատորիան մասնագիտացված է, ունի ամենալայն հնարավորությունները օրգանիզմում կողմնակի նյութերի հայտնաբերման համար։ Կատարված հետազոտությունների արդյունքներով թունավորում առաջացնող նյութեր չեն հայտնաբերվել»,- ասել է նա։

Նավալնին հոսպիտալացվել էր հուլիսի 29-ին ալերգիկ ռեակցիայի նշաններով, բուժօգնություն ստանալուց հետո նրան ուղարկել են հետ՝ շարունակելու կրել վարչական կալանքը։ Բլոգերը հրապարակել է գրառում, որում մտահոգություն է հայտնել, որ իր վիճակը կարող էր առաջ եկած լինել թունավորումից։