ԱՄՆ-ը երկարաձգել է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված սահմանափակումները։ Այսպիսի կարգադրություն է ստորագրել պետքարտուղար Մայք Պոմպեոն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Պետդեպարտամենտում կարծում են, որ այդ միջոցները կօգնեն պահպանել վերահսկողությունն Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի հանդեպ, նվազեցնել տարածման վտանգը, սահմանափակել Թեհրանի՝ միջուկային զենքի ստեղծման համար «բեկման ժամանակը» կրճատելու հնարավորությունը եւ թույլ չտալ, որպեսզի «վերականգնի միջուկային տեխնոլոգիաների տարածման համար նշանակություն ունեցող օբյեկտները»։

Իրանը, որն անվանվել է «ահաբեկչությունը հովանավորող առաջատար երկիր աշխարհում», շարունակում է օգտագործել իր միջուկային ծրագիրը «միջազգային հանրությանն ահաբեկելու եւ տարածաշրջանային անվտանգությանն սպառնալու համար», ասում են ԱՄՆ-ում։

«Միացյալ Նահանգները վճռականորեն կողմ է այն բանին, որպեսզի Իրանը զրկվի միջուկային զենք ունենալու ցանկացած հնարավորությունից եւ օգտագործի մեր դիվանագիտական ու տնտեսական գործիքանին Իրանի միջուկային գործունեությունը զսպելու համար։ Քանի դեռ Իրանի ռեժիմը շարունակում է հերքել դիվանագիտությունն ու ընդլայնել իր միջուկային ծրագիրը, տնտեսական ճնշումը եւ դիվանագիտական մեկուսացումը կուժեղանան»,- ասվում է փաստաթղթում։

Միեւնույն ժամանակ, գերատեսչությունում չեն հիշատակում 90 օրով այն պատժամիջոցների բացառումը, որոնց մասին ավելի վաղ՝ չորեքշաբթի, ասել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Ավելի վաղ ԱՄՆ-ը բացառություններ էր մտցրել այնպիսի նախագծերի համար, ինչպիսին են Արաքի ծանր ջրի ռեակտորի վերակոնֆիգուրացիան, Ֆորդոյի ուրանի հարստացման կենտրոնի վերակառուցումը, «Բուշեհր» ԱԷԿ-ը, ինչպես նաեւ Թեհրանի հետազոտական ռեակտորը։ Եթե ԱՄՆ-ը չերկարացներ բացառությունները, ապա վարչակազմը պատժամիջոցներ էր մտցնելու այդ նախագծերում ընդգրկված ռուսական, չինական, եվրոպական ընկերությունների դեմ։