Ղազախստանի արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Ամանիյազ Երժանովը կառավարության միջանցքներում հայտնել է, թե ինչու Հայաստան բերված ամերիկյան ավտոմեքենաները ղազախստանցիների շրջանում այդքան մեծ տարածվածություն ունեն, փոխանցում է NUR.KZ-ն: 

«Մենք մեր տեղեկատվական խողովակներով տեղյակ ենք, որ ԱՄՆ-ից Հայաստան է բերվել շուրջ 60 հազար մեքենա: Դրանք ձեռք բերելու համար մեր քաղաքացիները Հայաստանում ժամանակավոր կեցություն են ստանում, այդ մեքենաները գնում արդեն որպես Հայաստանի քաղաքացիներ, այսինքն՝ առանց լրացուցիչ մաքսատուրքերի վճարման, եւ բերում Ղազախստան ու հայկական համարանիշերով արդեն մեզ մոտ վարում»,- ասել է Ամանիյազ Երժանովը:

Նրա տեղեկություններով՝ երկիր են բերում տարբեր մակնիշների մեքենաներ՝ «ամերիկյան «Մերսեդեսներից» մինչեւ «Շեւրոլե»»:

Ընդ որում՝ նա դժվարացել է ասել, թե այդ մեքենաները որ թվականի թողարկման են: Հայտնի է միայն, որ դրանք գրեթե 2 անգամ ավելի էժան են այն ավտոմեքենաներից, որոնք մեզ մոտ են բերվում:

Սակայն, ինչպես նշել է նա, դա խնդիրներ է առաջացնում առաջին հերթին ճանապարհային ոստիկանների համար:

«Նրանք կարող են գերազանցել արագությունը, խախտել երթեւեկության կանոնները եւ դրա համար ոչ մի պատասխանատվություն չկրել: Նրանց չեն կարող պատասխանատվության ենթարկել: Տուգանքները չեն վճարում, պատասխանատվության չեն ենթարկվում, դրան գումարած, եթե դրանք ավելի շատ ներկրվեն, ապա մարդատար մեքենաների արտադրության ավելացման մեր ամբողջ աշխատանքը, ավտովարկավորման նույն միջոցները, պարզապես անիմատ կլինեն», - նշեց նա:

Արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարությունն առաջարկում է. քանի որ բնակչության շրջանում պահանջարկ կա, այդ մեքենաների գնումը օրինական դարձնել:

«Չենք պայքարելու...Եթե բնակչությունը ցանկանում է նման մեքենաներ գնել, ապա պետք չէ պայքարել, հակառակը՝ պետք է այնպես անել, որ դա օրինական լինի եւ նրա համար, որպեզի վաղը մեր քաղաքացիները օրենքի առաջ, իրավապահ մարմինների հետ խնդիրներ չունենա:

Պետք չէ մեքենաներ գնել Հայաստանում՝ ժամանակավոր հաշվառման կանգնելով, տարանցիկ համարներով ներկրել մեր երկիր, ավելի լավ է բերել, գրանցել եւ օրինական վարել: Իսկ հիմա ստացվում է, որ նրանք ոչ այստեղ են հարկեր վճարում, ոչ այնտեղ», - եզրափակել է Երժանովը: