Չինաստանը դեմ է արտահայտվել  Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին եւ Վաշինգտոնին կոչ է անում ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության պահպանման համար, հինգշաբթի ասել է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ  Խուա Չունիին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ իշխանությունները չորեքշաբթի պատժամիջոցների ցանկում ներառել էին Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆին:

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցը հայտնել է, որ Վաշինգտոնը Զարիֆին այլեւս առաջնահերթ անձ չի համարում. նա այդպիսին էր միջուկային գործաքրի քննարկման ժամանակ, որից ԱՄՆ-ն դուրս է եկել: Ավելի ուշ Զարիֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ն նրա դեմ պատժամիջոցներ է կիրառել, քանի որ նրան սպառնալիք է համարել ամերիկյան օրակարգին:

«Մենք ուշադրություն դարձրեցինք ամերիկյան կողմի հայտարարությանը եւ անձամբ պարոն Զարիֆի արձագանքին:

Այս հարցում չինական կողմի դիրքորոշումը շատ հստակ է:

Չինական կողմը դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին եւ արտերկրյա ենթադատությանը:

Մենք        կարծում ենք, որ դա չի նպաստում խնդիրների լուծմանը», - ճեպազրույցին ասել է Խուա Չունիին:

Նա ընդգծել է, որ բանակցությունը եւ երկխոսությունը խնդրի լուծման հիմնական ուղիներն են: