Այն այնձինք, որոնք կատարել են այս վանդալիզմը, կոչ եմ անում ինքնակամ ներկայանալ ոստիկանություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի զոհերի գերեզմանները պղծելու դեպքին:

«Նրանք պետք է շուտափույթ պատժվեն եւ պատիժը պետք է լինի օրենքի սահմաններում: Սա սովորական հանցագործություն չէ, սա նաեւ հանցագործություն է բարոյական հարթության մեջ: Ես ուզում եմ հասկանալ, թե ովքեր են այդ մարդիկ, որովհետեւ սա թուրքի արած է: Հաստատ գտնելու ենք, սա բոլորիս պատվի խնդիրն է: Եթե մենք մեր հերոսների շիրիմներին չենք կարողանում տեր կանգնել, քանի՞ կոպեկ արժենք»,-ասաց նա:

Իր հերթին ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը տեղեկացրեց, որ շիրմաքարերի վրա մոմ են թափել ու արագ հեռացել, դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան. «Ես կարող եմ իմ պատկերացումն ասել, որ սա ինչ-որ ծիսակարգի պես բան է, չգիտեմ ում կողմից արված: Շատ նման է այդպիսի ծիսակարգի»:

«Եռաբլուր» էր այցելել նաեւ ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Հասմիկը. «Մեզ երկրորդ անգամ ժողովուրդը թաղեց-հանեց:

Գողություն անում են, չեն հետաքրքրվում, ի՞նչ է մտածում պարոն Օսիպյանը: Մեր սրբավայր «Եռաբլուրը» խուժանանոց են դարձրել:

Ես առաջարկում եմ նախ գտնել այս արարքը կատարողներին ու պատժել, երկրորդ, բերել թարմացնել գերեզմանները: Քարերը փոխել պետք չի, կարելի է պարզապես թարմացնել»,-ասաց նա:

«Գուցե երեխաները եկել խաղացել են մոմերով, եթե սա մոմ է: Ես չեմ մտածում, որ դիտավորյալ արված է, բայց պետք է ճշտել: Երբ երկու տարի ապրիլի 2-ին գողություն արեցին, հիմա մտածենք, որ դիտավորություն չէ՞ր: Դա դիտավորություն էր, որովհետեւ գիտեն, թե ում ծնողներն են գալիս «Եռաբլուր»: Ամբողջ «Եբալուրում» պետք է տեսախցիկներ դրվեն, առաջին անգամ չէ, որ գողություն է արվում»,-ընդգծեց նա:

Նշենք, որ «Եռաբլուր» պանթեոն են այցելել ԱԺ պատգամավորներ, ՊՆ աշխատակիցներ, ապրիյան պատերազմի զոհերի հարազատներ:

Ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր, որ Եռաբլուր» պանթեոնում պղծել են ապրիլյան հերոսների, այդ թվում Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարերը: Տեսանյութում երեւում է, որ շիրմաքարերի վրա սեւ ներկ հիշեցնող նյութ է լցված։