ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն արձագանքում է Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի փլուզմանը հակահրթիռային պաշտպանության ոլորտում միջոցներով, ապահովում է միջուկային զսպման միջոցների արդյունավետությունը, սակայն մտադիր չէ նոր ցամաքային միջուկային հրթիռներ տեղակայել Եվրոպայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Անցած տարվա սկզբին Վաշինգտոնը հայտարարեց պայմանագրից միակողմանի դուրսբերման մասին:

«Մենք համաձայնեցրել ենք միջոցները, որպեսզի զսպումն ու ՆԱՏՕ-ի պաշտպանությունը մնան հուսալի եւ արդյունավետ: Սակայն մենք չենք մտածում դրա իրականացման կամ որեւէ չմտածված քայլի մասին: Մենք մանրամասն կդիտարկենք բոլոր տարբերակները: Դաշնակիցները կաշխատեն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են՝ զորավարժություններ, հետախուզություն, հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանություն եւ կոնվենցիոնալ հնարավորությունները: Մենք նաեւ կապահովենք, որ միջուկային զսպման մեր միջոցները մնան անվտանգ, հուսալի եւ արդյունավետ: Այդ միջոցներից որոշները կարող են արագ իրականացվել, մյուսների համար ժամանակ է պետք: Այն, ինչ մենք անում ենք, հավասարակշիռ է, համակարգված եւ պաշտպանական»,- ասել է Ստոլտենբերգը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում սպառազինությունների նոր մրցավազք: