Չեմ ցանկանա, որ հետագայում պարզվի՝ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող միջոցառումներն իշխանությունների կողմից հաշվեհարդար տեսնելու մտադրությունից են բխում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Իրավաբանական ճիշտ գնահատական տալու համար, թե դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ բանեցված միջոցառումները որքանով են բխում ՀՀ օրենսդրությունից, պետք է տեղյակ լինես գործի հանգամանքներին, ես ծանոթ չեմ գործի հանգամանքներին, սակայն պետք է նշեմ, որ Դավիթ Գրիգորյանին անձամբ ճանաչում եմ, շատ պարկեշտ մարդ է, գրագետ իրավաբան, անապական անցյալով պետական ծառայող, բայց գործի հանգամանքներին ծանոթ չլինելով՝ ես չգիտեմ՝ ինչ է եղել, ասում են՝ խախտումներ են եղել, բայց չեմ ուզում, որ հետո պարզվի, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ միջոցառումները իշխանությունների կողմից հաշվեհարդար տեսնելու մտադրությունից են բխում»,–նշեց նա։

Պատգամավորի համար տարօրինակ է, որ թիրախավորվում են այն դատավորները, որոնք «կայացնում են իշխանության քիմքին անհաճո որոշումներ»։

«Սա իմ անձնական կարծիքն է, տա Աստված, որ ես սխալվեմ, բայց չգիտես ինչու՝ միշտ թիրախավորվում են այն դատավորները, որոնք իշխանության համար ոչ ցանկալի որոշումներ են կայացնում»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ԲԴԽ-ն բավարարել էր դատախազության միջնորդությունները եւ համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։

Ավելի ուշ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր եւ մայիսի 18-ին որոշում էր կայացրել Քոչարյանին ազատ արձակել՝ հիմք ընդունելով Արցախի ներկա եւ նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։