Շաբաթ Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը Թբիլիսիի երկնքով թռիչքների սահմանափակումներ է մտցրել ՆԱՏՕ-ի Agile Spirit - 2019 բազմազգ զորավարժությունների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչությանը:

«Այսօրվանից թռիչքների սահմանափակումներ են մտցված: Դրանք առաջին անգամ գործարկվել են այսօր առավոտյան՝ 09:30-ից մինչեւ 11:30: Այսօր նախատեսվում է երկինքը փակել նաեւ երկրորդ անգամ, բայց միայն ուշ երեկոյան՝ 21:30-ից մինչեւ 23:30»,- ասել է գերատեսչության մամուլի ծառայության աշխատակիցը:

Թբիլիսիի երկինքը փակ կլինի նաեւ թե՛ կիրակի, թե՛ երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին: Երկնքի փակման ժամանակային միջակայքը կլինի այնպիսին, ինչպես շաբաթ: Թբիլիսիի երկնքով հնարավոր չի լինի թռչել նաեւ օգոստոսի 7-ին, 8-ին եւ 9-ին տեղական ժամանակով 09:30-ից մինչեւ 11:30:

Վրաստանում Agile Spirit – 2019 զորավարժությունները մեկնարկել են հուլիսի 27-ին եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 9-ը: Դրանք անցկացվում են երեք տեղակայմամբ՝ Սենակի քաղաքի (Սամեգրելո – Զեմո Սվանեթի մարզ) երկրորդ հետեւակային բրիգադի տարածքում, Օրֆոլոյի հրաձգարաններում (Սամցխե – Ջավախեթի մարզ) եւ Վազանիայում (Թբիլիսիի մերձակայքում): Դրանց մասնակցում են ավելի քան 3 հազար զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոնտենեգրոյից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Թուրքիայից եւ Ուկրաինայից:

2011 թվականից սկսած Agile Spirit-ն անցկացվում է ամեն տարի եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության բաղադրիչներից մեկն է: Այս զորավարժությունների շրջանակում վրացի զինվորականները պատրաստություն են անցնում միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար: 2018 թվականի սեպտեմբերին զորավարժություններին մասնակցել էր 10 երկրից 237 զինվորական: