Զրոյական մեղադրանք է: Այսօր՝ օգոստոսի 4-ին, կալանքից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մարտի 1» -ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանը:

«Խոստացել են, որ մեկ ամսվա ընթացքում մեղադրանքը կհանեն»,- ասաց Գեղամ Պետրոսյանը:

Լրագրողի դիտարկմանը՝ ՀՔԾ-ն է խոստացե՞լ, Գեղամ Պետրոսյանն արձագանքեց. «Իմ փաստաբանն է խոստացել, ՀՔԾ-ն ի՞նչ կապ ունի»:

Նշենք, որ այսօր լրացավ Պետրոսյանի՝ երկու ամսով կալանքի տակ գտնվելու ժամկետը, եւ նա ազատ արձակվեց, քանի որ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն չի ներկայացվել դատարան ժամկետը երկարաձգելու հարցով:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ 70–ամյա Գեղամ Պետրոսյանին Մարտի մեկի իրադարձություններից 10 տարի անց մեղադրանք է առաջադրվել հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Դատարանը նրա նկատմամբ կալանավորման որոշում էր կայացրել ապրիլի 4–ին։

Հիշեցնենք, որ Զաքար Հովհաննիսյանը մահացել է 2008թ. մարտի 2-ին Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցում՝ ստացած հրազենային վնասվածքից։