«Պոբեդա» ընկերության կողմից ավիափոխադրումների դադարեցման հետ կապված խնդիրը լուծված է: Օգոստոսի 6-ին NEWS.amին  այս մասին հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

«Ավիաընկերության հայաստանյան գրասենյակում հայտնեցին, որ խնդիրն արդեն լուծված է: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր կողմից հետաքննություն է անցկացնում: Դրա ավարտից հետո հանդիպումներ կանցկացվեն ավիաընկերության, օդանավակայանի ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ», - ընդգծել են կոմիտեում:

Նշենք, որ ըստ ՏԱՍՍ-ի, «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթները: Ավիաընկերությունում հայտնել են, որ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելանյութի պարբերական թերլիցքավորման հետ:

«Գյումրիի օդանավակայանում, ցավոք,  վառելանյութի լիցքավորման ընկերությունը պարբերաբար թերլիցքավորում է կատարում: «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով պարզել իրավիճակը: Սակայն օդանավակայանի միջոցառումներն անբավարար են, եւ վառելանյութ լիցքավորողը շարունակում է թերլիցքավորման պրակտիկան: «Պոբեդան» իր ծրագրած չվերթները Գյումրի կկատարի մինչեւ ամառային սեզոնի վերջը, որպեսզի իր հաճախորդներին  դժվար դրության մեջ չդնի, բայց ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցված է»,- ասել է նա:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ վաճառքը դադարեցված է:

Այս պահին «Պոբեդան» կատարում է Մոսկվայից Գյումրի շաբաթական 10 չվերթ (այդտեղից առաջարկվում է տեղափոխում մինչեւ Երեւան), ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ: Լոուքոսթերը Գյումրի չվերթները սկսել էր 2016 թվականին դեկտեմբերին: