«Պոբեդա» ավիաընկերությունում հաստատել են, որ այս պահին դեպի Գյումրի ոչ մի չվերթ չի չեղարկվել: Այս մասին NEWS.am-ին հավաստիացրեցին «Պոբեդա ավիաընկերություն» ԲԲԸ մամուլի ծառայությունից:

«Այս պահին չեղարկված չվերթներ չկան: Չեղարկման դեպքում այդ մասին տեղեկությունը կհրապարակվի համացանցում»,- հայտնեցին ավիաընկերությունից: Ընկերությունում չմեկնաբանեցին ձմեռային սեզոնի հետ կապված գործողությունների վերաբերյալ տեղեկությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նույնպես հավաստիացրել է, որ «Պոբեդա» ընկերության ավիափոխադրումների դադարեցման խնդիրը լուծվել է: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր կողմից քննություն է անցկացնում:

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության տեղեկություններով՝ «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթները: Ավիաընկերությունից հայտնել են, որ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելանյութի պարբերական թերլիցքավորման հետ:

«Գյումրիի օդանավակայանում, ցավոք,  վառելանյութի լիցքավորման ընկերությունը պարբերաբար թերլիցքավորում է կատարում: «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով պարզել իրավիճակը: Սակայն օդանավակայանի միջոցառումներն անբավարար են, եւ վառելանյութ լիցքավորողը շարունակում է թերլիցքավորման պրակտիկան: «Պոբեդան» իր ծրագրած չվերթները Գյումրի կկատարի մինչեւ ամառային սեզոնի վերջը, որպեսզի իր հաճախորդներին  դժվար դրության մեջ չդնի, բայց ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցված է»,- ասել է աղբյուրը:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ վաճառքը դադարեցված է:

Այս պահին «Պոբեդան» կատարում է Մոսկվայից Գյումրի շաբաթական 10 չվերթ (այդտեղից առաջարկվում է տեղափոխում մինչեւ Երեւան), ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ: Լոուքոսթերը Գյումրի չվերթները սկսել էր 2016 թվականին դեկտեմբերին: