Սլովենա-ավստրիական Tushek & Spigel Supercars էքսկլյուզիվ ավտոմեքենաներ արտադրողը ներկայացրել է TS 900 H Apex ռոդսթերի բնութագրերը եւ լուսանկարները: Նորույթը ժամում մինչեւ 60 մղոն (96 կմ/ժամ) արագությունը զարգացնում է 2,5 վայրկյանում, նույնքան ժամանակում է առաջին «հարյուրյակը» զարգացնում 1500 ձ.ու. հզորությամբ Bugatti Chiron-ն, հայտնում է Motor-ը:

Tushek TS 900 H Apex-ն ունի հիբրիդային շարժիչ, որը կազմված է 2 էլեկտրաշարժիչից եւ 5,2-լիտրանոց V-աձեւ կոմպրեսորային «ութնյակից»: Բենզինային շարժիչը տեղադրված է սրահի հետեւի մասում, իսկ էլեկտրական շարժիչները սնուցում են առջեւի անիվները: Համակարգի ընդհանուր հզորությունը կազմում է 963 ձիաուժ: Պտտման պահը անցնում է 1400 Նմ-ից:

Նախորդ Renovatio T500 մոդելների նման TS 900 H Apex-ի շասիները պատրաստված են քրոմոմոլիբդենային համաձուլվածքից: Թափքի մասերը՝ կարբոնից, այնպես որ՝ մեքենայի զանգվածն ընդամենը 1410 կգ է: