Իրաքյան բանակի զինյալներն Էլ-Բաաջ քաղաքում ձերբակալել են Սինջարի եզդիների ցեղասպանությանը մասնակից ահաբեկչին՝ Աբդալլա Քասեմին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Sumaria-ին:

Քասեմը, որն առավել հայտնի էր Աբու Հաջար մականունով, հաշվեհարդարներ է տեսել եզդիների նկատմմբ 2014թ. Սինջարում: Նա հետապնդվում է գերեվարված եզդի կանանց նկատմամբ բռնության մեղադրանքով:

2016թ. Հունիսին Սիրիայում մարդու իրավունքների խախտման հետաքննության հարցով ՄԱԿ-ի հանձնաժողովը եզրակացության է եկել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատու է եզդիների ցեղասպանության, ռազմական հանցանքների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար:

«Իսլամական պետության» գրոհայինները Սինջարում 2-5,5 հազար եզդիի են սպանել, գերեվարել հազարավոր կանանց եւ երեխաների:

Al Sumaria հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Աբու Հաջարին ձերբակալել են «Հաղթանակի կամք» կոդային անվանումով հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում: Օպերատիվ շտաբի տեղեկություններով՝ կառավարական ուժերը վերականգնել են 109 բնակավայրերի նկատմամբ վերահսկողությունը: