Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր՝ օգոստոսի 7-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ Արցախ ժամանած Բուլղարիայի Ազգային ժողովի  պատգամավորներ Վալերի Սիմեոնովին, Իորդան Ապոստոլովին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Հանդիպման ընթացքում հյուրերը խոսել են նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողության մասին և պատրաստակամություն հայտնել՝ աջակցել եղբայրական հայ ազգին՝ իրենց բոլոր նախաձեռնություններում:

Այնուհետև կողմերը քննարկել են Արցախի արտաքին քաղաքականությանը, ադրբեջանաղարաբաղյան հակամարտությանը, սպորտի և մշակույթի միջոցով ազգերի ինտեգրման հնարավորություններին վերաբերող հարցեր: