Երևանում հուլիսի 4-ին,  Սայաթ-Նովա 18 հասցեում բացվեց ANDI TOUR հայ- չինական տուրիստական ընկերության նոր գրասենյակը: Ընկերությունը, որն արդեն 15 տարի գործում է շուկայում, և կազմակերպում Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումներ, վիզայի աջակցություն, դեպի Չինաստան տուրերի կազմակերպում, այսուհետ ավելի է մեծացնելու դեպի Չինաստան, մասնավորապես Հայնան կղզի տուրերի առաջարկները։ Այս մասին, գրասենյակի պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտնեց ANDI TOUR -ի տնօրեն Քրիստինե Մանուկյանը։

«Այս գրասենյակի բացումից հետո մենք ավելի շատ կզարգացնենք տուրիզմի ուղղությունը և հուսով ենք, որ կնպաստենք հայ-չինական հարաբերությունների զարգացմանը: Արդեն իսկ մեկ տարի մենք ներկայացնում ենք Հայնան կղզին, որը նոր ուղղություն է հայ զբոսաշրջիկների համար: Այս կղզին և իր մայրաքաղաք ` Սանյան, համարվում են Չինաստանի լավագույն առողջարանը, որտեղ կարելի է գտնել ամեն ինչ կատարյալ հանգստի համար »,- ասաց ընկերության տնօրենը:

Նրա խոսքով, ANDI TOUR-ը գործելու է որպես Հայաստանում Հայնան կղզին ներկայացնող պաշտոնական ընկերություն: Փետրվարին ընկերությունը կազմակերպել էր ինֆոտուր, որի ընթացքում հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչները ծանոթացել են Հայնան կղզու տուրիստական հնարավորություններին:

Ըստ Քրիստինե Մանուկյանի՝ ANDI TOUR-ը երկար տարիներ զբաղվում է նաև վիզաների աջակցությամբ: Թեպետ Հայաստանը և Չինաստանը պայմանավորվել են վիզային ռեժիմի վերացման մասին, վիզաները դեռևս գործում են, և ընկերությունը պատրաստ է աջակցել՝ լինի դա տուրիստական, թե գործնական վիզա:

Ընկերությունը գրասենյակներ ունի Չինաստանի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում Պեկինում, Գուանչժոում, Շանհայում:

Մոտ ապագայում ընկերությունը պլանավորում է ընդլայնել գործունեությունը և զարգացնել համագործակցությունը ասիական այլ երկրների հետ՝ Սինգապուրի, Վիետնամի, Մալայզիայի հետ: «Բացի դրանից շուտով ունենալու ենք օնլայն հարթակ, որտեղ ներկայացված կլինեն Չինաստանի բոլոր հյուրանոցները, որոնք մենք ներկայացնում ենք Հայաստանում: Այդ հարթակի միջոցով մեզ հետ կկարողանան աշխատել ինչպես տեղական տուրիաստական ընկերությունները, այնպես էլ զբոսաշրջիկները »,- հավելեց նա:

Տուրիստական գործակալությունը գործելու է Սայաթ-Նովա 18 հասցեով, երկուշաբթիից ուրբաթ՝ 11:00-ից մինչև 18:00: