Կիեւի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու  միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի հարավ-արեւլքում հակամարտության կարգավորումը:

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ դեէսկալացիայի համար, նախեւառաջ անհրաժեշտ է բացառել ուկրաինացի զինվորականների կողմից բնակավայրերի գնդակոծումը, ինչը  հանգեցնում է  խաղաղ բնակչության շրջանում զոհերին:

«Հաստատվել է նաեւ Մինսկի համաձայնությունների հաջորդական իրականացման կարեւորությունը, ներառյալ ԴԺՀ-ին եւ ԼԺՀ-ին հատուկ կարգավիճակ շնորհելը:

Այս համատեքստում նշվել է կողմերի միջեւ կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը, ներառյալ Մինսկի Կոնտակտային խմբի շրջանակում», - ասվում է հաղորդագրությունում:

Պուտինը եւ  Զելենսկին նաեւ պայմանավորվել են ակտիվացնել ձերբակալվածներին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը: