Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիին չի հրավիրել որպես պատվավոր հյուր մասնակցելու Բիարիցում (օգոստոսի 24-26-ը) անցկացվող Յոթի խմբի գագաթնաժողովին: Չորեքշաբթի ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից՝ հերքելով նախկինում տարածված տեղեկությունը:

«Ոչ, նա չի հրավիրել: Առայժմ կարող ենք այսքանն ասել»,- նշել է գործակալության զրուցակիցը: Նա նաեւ ընդգծել է, որ ներկայումս վաղ է խոսել Իրանի հետ INSTEX վճարումների մեխանիզմում ներդրումների գումարի մասին: «Հիմա գլխավորը Իրանի կողմից միջուկային գործարքով պարտավորությունների կատարման ապահովումն է»,- նշել են աշխատակազմից:

Ավելի վաղ լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը, վկայակոչելով իրանական աղբյուրներին, հայտնել էր, որ Մակրոնը Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան նախագիծ է առաջրկել INSTEX մեխանիզմում 15 մլրդ դոլարի ներդրումի մասին: Հեռուստաալիքը նաեւ հայտնել էր, որ ֆրանսիացի առաջնորդը իր գործընկերոջը հրավիրել է որպես պատվավոր հյուր այցելել Յոթի խմբի գագաթնաժողով: