ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ Սպիտակ տան նախկին ստաժոր Մոնիկա Լեւինսկիի աղմկահարույց ինտիմ կապի, ինչպես նաեւ 1999թ. դրան հաջորդած նախագահի իմպիչմենթի մասին պատմությունները կհայտնվեն ամերիկյան էկրաններին: Պատմությունները որպես մեկ սերիա կընդգրկվեն «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» հեռուստադրամայում, հաղորդում է BBC News-ը:

Սերիալը կնկարահանվի Ջեֆֆրի Տուբինի գրքի մոտիվներով, որը գրվել է 2000թ. եւ պատմում է աղմկահարույց պատմության մասին:

Հեռուստաալիքը նշում է, որ այն կհայտնվի եթերում 2020թ. նախագահական ընտրությունների նախաշեմին:

Պրոդյուսերներից մեկը հենց Մոնիկա Լեւինսկին է:

Նրա դերը կխաղա Բինի Ֆելդստայնը: Նշվում է, որ քաղաքացիական ծառայող Լինդա Տրիպի կերպարը, որը ձայնագրում էր նախագահի հետ ինտիմ կապի մասին Լեւինսկիի հեռախոսազրույցները, կմարմնավորի Սառա Պոլսոնը:

Դեռեւս հայտնի չէ՝ ովքեր կխաղան Բիլ եւ Հիլարի Քլինթոնների դերերը:

Vanity Fair պարբերականի հետ զրույցում Մոնիկա Լեւինսկին խոստովանել է, որ «երկյուղել է»՝ կապված սերիալի շրջանակում Ռայան Մերֆիի հետ համագործակցության հետ: Սակայն, նրա խոսքով, ընդունել է սերիալի ստեղծմանը մասնակցելու առաջարկը սերիալի պրոդյուսերի հետ երակարտեւ ընթրիքից հետո: