ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հարավային Կորեան համաձայնել է վճարել էապես ավելի շատ՝ «Հյուսիսային Կորեայից պաշտպանվելու» համար, եւ սկսել է հետագայում ամերիկյան զորքերի տեղակայման համար վճարի բարձրացման հարցով բանակցությունները, հաղորդում է Associated Press-ը:

Twitter-ի իր էջում Թրամփը գրել է, որ տասնամյակներ շարունակ «ԱՄՆ-ը շատ քիչ է վճարել, սակայն անցած տարի Հարավային Կորեան 900 000 000 դոլար վճարեց»:

Մարտին ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան երկրում ամերիկյան զորքերի տեղակայման համար վճարի բարձրացման հարցով համաձայնագիր են կնքել՝ 2018թ. 850 մլն դոլարից սկսած մինչեւ 2019թ. 924 մլն դոլար:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի ֆինանսական պահանջները Հարավային Կորեայում անհանգստության պատճառ են դարձել. Սեուլում մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ը կարող է երկրից դուրս բերել իր զորքերը:

Հարավային Կորեայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտաարել է, որ ֆինանսական առումով բանակցությունները դեռեւս չեն սկսվել: Ընդ որում, Հարավային Կորեայի ԱԳՆ-ը նշել է, որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Սեուլ կատարած այցի ընթացքում կողմերը համաձայնել են, որ առաջիկա բանակցությունները «պետք է շարժվեն ռացիոնալ եւ արդար ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Հյուսիսային Կորեան հրթիռային մի քանի արձակում է իրականացրել, ինչը, որոշ փորձագետների կարծիքով, նպատակ ունի ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա՝ կապված փակուղի մտած միջուկային գործարքի հարցով բանակցությունները վերսկսելու հետ: