Հռոմում զբոսաշրջային ոստիկանությունը մարդկանց հեռացնում  է հայտնի Իսպանական սանդուղքից, հաղորդում է The Local.it-ը:

«Բոլորդ վեր կացեք: Ըստ կանոնների՝ դուք չեք կարող այստեղ նստել», -ոստիկանությունն ասում է հայտնի սանդուղքին նստած մարդկանց, որը սկսվում է Տրինիտա դեի Մոնտի եկեղեցուց մինչեւ պատմական կենտրոնի Իսպանիայի հրապարակ:

Ըստ հրապարակման՝ առավոտյան 135 աստիճանները, որոնք սովորաբար ամբողջ օրը լցված են լուսանկարող կամ պարզապես հանգստացող զբոսաշրջիկներով, գրեթե դատարկ էին: Ականատեսը հաշվել է 8 ոստիկանների, որոնք պատմական տեսարժան վայրն ազատել են մարդկանցից:

Կանոնների համաձայն՝ ոստիկանությունը կարող է տուգանել տարբեր գործողությունների համար՝ սկսած շատրվաններում լողանալուց մինչեւ անիվներով ճամպրուկները Իսպանական սանդուղքի պատմական աստիճաններով իջեցնելը:

Արգելված են նաեւ մերկ իրանով զբոսանքները եւ շատրվանների մոտ սննդի օգտագործումը: Հռոմի պատմական ժառանգությունը վնասելու համար տուգանքը կազմում է սկսած 400 եվրոյից, շատրվաններում լողանալու համար՝ 450 եվրո: Այժմ արգելված է նաեւ աստիճաններին նստելը:

«Իսպանական սանդուղքը արվեստի գործ է, դուք չեք նստում չէ արվեստի գործերի վրա», - իրավիճակը մեկնաբանել է Տեղացիների ասոցիացիայի ղեկավար Ջաննի Բատիստոնին:

Նա հավելել է, որ չափազանց դժվար է այլ միջոցներով կանգնեցնել մարդկանց, որոնք աստիճաններին նստած ուտում կամ խմում են:

Հայտնի իտալացի արվեստաբան Վիտորիո  Սգարբին արգելքն անվանել է «չափից շատ, գրեթե ֆաշիստական»:  «Անհիշելի ժամանակներից ճանապարհորդները նստել են այդ աստիճաններին եւ հիացել տեսարանով», - ասել է նա: