Գրեթե 30 տարի անց Disney ընկերությունը մտադիր է կրկին նկարահանել սուրբծննդյան լեգենդար կոմեդիան՝ «Տանը միայնակ» ֆիլմը, գրում է Esquire-ը:

Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Բոբ Այգերը:

Ծրագրի այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում:

Ընկերությունը նաեւ մտադիր է վերաթողարկել «Գիշերը թանգարանում» եռերգությունը, «Թուլամորթի օրագիրը» եւ «Մեծածախով ավելի էժան է» ֆիլմերը: Այգերի խոսքով՝ ֆիլմերը «կվերաիմաստավորվեն» նոր սերնդի համար, սակայն չի հստակեցրել՝ երբ կսկսվեն նկարահանումները:

Բոլոր այդ ֆիլմերը կներառվեն Disney+ նոր սթրիմինգային հարթակում, որի թողարկումը նախատեսված է այս տարվա նոյեմբերին: Օգտատերերի համար ամսական բաժանորդագրությունը կարժենա 7 դոլար, իսկ ընկերության 3 տարբերակների (Disney+, Hulu եւ ESPN+) բաժանորդագրությունը՝ 13 դոլար:

Ավելի վաղ Disney-ը թողարկել էր «Առյուծ արքան», «Դամբո», «Մոխրոտիկը», «Ջունգլիների գիրքը» եւ «Գեղեցկուհին եւ հրեշը» ֆիլմերի ռեմեյքները: Հաջորդ տարի կթողարկվեն «Մուլան» եւ «Ջրահարսը»  ֆիլմերի ռեմեյքները: