Գործադիրի այսօրվա որոշմամբ, «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում»  միջոցառման շրջանակներում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետարաններին հատկացվեց 560 մլն դրամ: Այդ գումարի շրջանակներում նախատեսվում է լուծել  61 ընտանիքի բնակարանային խնդիր:

Նշենք, որ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5396 ընտանիքից (ներառում է նաև 2018 թվականին բնակարանային պայմանների բարելավման իրավունքը վերականգնած ընտանիքների թիվը)  2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր:

Արդյունքում, դեռևս 557 ընտանիք ունի բնակարանային խնդիր, որը նախատեսված է լուծել մինչև 2020 թվականի տարեվերջ:

Ներկայումս լուծման ընթացքում է գտնվում ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի  44 ընտանիքի բնակարանային խնդիր:

Մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար անհրաժեշտ 3.0 մլրդ դրամը  նախատեսված է ՀՀ 2020 թվականի բյուջեի նախագծում և 2020-2022թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում: