Արցախում եւ Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագների նվազեցման նպատակը լինելու մեկ միասնական գների հասնելը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ 

«Ռոումինգի ծառայությունների սակագները բարձր են, պարբերաբար իջեցնելու ենք, ինչպես գիտեք օգոստոսի 1-ից ունեք փաստացի իջեցում «Բիլայնի» եւ «Յուքոմի» մասով, գները հավասարեցվեցին «ՄՏՍ»–ին, այսինքն՝ 45 դրամ ելքային եւ մուտքային զանգերը համապատասխանաբար նվազեցվեցին մինչեւ 38 եւ 25 դրամ, արդեն ունենք պայմանավորվածություն, որ 2020 թվականի հունվարի 1-ից սակագների պարբերաբար նվազեցում է լինելու, պարբերական 6-ամսյա կտրվածքով` 2020 թ. հունվարի 1-ից շոշափելի նվազում կլինի, հետո կլինի հունիսի 1-ին նվազում, եւ 2021 թվականի հունվարի 1-ին»,–նշեց նա։

Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ կնվազեն նաեւ փոխկապակցման գները. «Մենք բանակցել ենք մոնոպոլիստի եւ մեր օպերատորների հետ, քանի որ կային փոխկապակցման հարցեր, այսինքն՝  ոչ միայն ռոումինգի գներն են նվազում, այլ նաեւ հաստատվում են փոխկապակցման գների նվազման գրաֆիկ՝ ամեն  տարի 1 դրամով։ Նպատակը լինելու է այն, որ հասնենք մեկ միասնական գների։ Միասնական նկատի ունեմ միեւնույն մեծության գներ, այսինքն՝ օպերատորների միջեւ փոխկապակցման գները մնալու է, ինչպես կա մեր օպերատորների միջեւ, այն գները, որ կա մի օպերատորից մյուսը զանգելու դեպքում»։

Բաղրամյանը, սակայն, հստակ պատասխան չտվեց, թե ինչու մինչ այս հնարավոր չի եղել հասնել գների իջեցման, պետությունը համապատասխան կամք չի դրսեւորել, թե օպերատորները։

Նա ներկայացրեց գների նախատեսվող նվազումը ըստ կիսամյակների. «Հունվարի 1-ից ելքային զանգերը 38 դրամից կնվազեն մինչեւ 29 դրամ, որը մինչեւ 2021 թվականի հունվարին կնվազի մինչեւ 27 դրամ։ Մուտքային զանգերը  25–ից կնվազեն  15 դրամ, այնուհետեւ մինչեւ 2021–ը 13 դրամ, էական նվազեցում կլինի ինտերնետի հասանելիության գների մեջ՝ գործող 45 դրամը հունվարի 1-ից կդառնա 22 դրամ, այնուհետեւ մինչեւ 2021–ի հունվարի 1-ը՝ 15 դրամ, հաղորդագրությունների 40 դրամը կնվազի  15 դրամ, այնուհետեւ 10 դրամ»։

ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ 3G ցանց է ներդրվում Արցախում . «Մինչեւ հոկտեմբեր–նոյեմբեր այնտեղ կատարվում են ներդրումներ,  3G ցանց է ներդրվում, այսինքն զարգացման առումով ավելի հետ են ընկել, օբյեկտիվ պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք ընդունում են այն գնային պայմանները, որ պետք է նվազեցվի, որն իր հերթին բերելու է ոչ թե եկամտի կորստի, այլ տրաֆիկի ավելացման»։