Գործարար Մելիք Մանուկյանը մտադիր է շուրջ 3 մլրդ դրամի ներդրում կատարել՝ ալկոհոլային խմիչքի արտադրության նոր գործարան կառուցելու  համար։  Այս մասին տեղեկություն է տարածել գործարար Մելիք Մանուկյանի գրասենյակը։

Նախատեսվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան։ Արտադրական փուլը կսկսվի 2020 թվականից։

 «Սարքավորումները լինելու են գերժամանակակից, որը հնարավորություն կտա ստեղծել մրցունակ արտադրանք՝ միջազգային շուկա արտահանելու համար»,- ասել է «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ի հիմնադիր Մելիք Մանուկյանը։

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունը կստեղծի 37 նոր աշխատատեղ` 260 հազար դրամ միջին աշխատավարձով: Ներկայումս շինարարական աշխատանքներում ներգրավված է 30-35 շինարար։

«Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին, մինչ այդ գործարար Մելիք Մանուկյանը հիմնադրել է եւս երկու ընկերություն, որոնք տարիների ընթացքում ապացուցել են իրենց մրցունակությունն ու կենսունակություն՝ ապահովելով կայուն շուրջ 1200 աշխատատեղ։ Մասնավորապես՝ 1989 թվականին  ստեղծվել է «Սարանիստ» ապակյա տարաների գործարանը, որը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է վերամշակող գործարանների հիմնական մատակարարը եւ հանդիսանում խոշոր արտահանող։ Իսկ 2005 թվականից գործում է «Արմգլաս» ընկերությունը։

Գործարար Մելիք Մանուկյանը հանդիսանում է հանրապետության խոշոր հարկատուներից մեկը, հանդես գալիս տարբեր բարեգործական նախաձեռնություններով։

Լուսանկարներում՝ նոր կառուցվող գործարանն է