Ֆրանսիայում 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռեժիսոր Ժան-Պիեռ Մոկին, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով AFP-ին:

«Ժան-Պիեռ Մոկին մեկնել է՝ նկարահանելու իր հաջորդ ֆիլմը՝ Բուրվիլի, Միշել Սերրոյի, Միշել Սիմոնի, Ֆրենանդելի, Ժակլին Մայյանի, Ժաննա Մորոյի, Ժան Պուարեի, Ֆրանսիս Բլանշի, Շառլ Ազնավուրի եւ այլոց հետո: Նրան ուղեկցել են ընտանիքն ու հարազատները»,- ասվում է Մոկիի որդու՝ դերասան եւ ռեժիսոր Ստանիսլավ Նորդեի, եւ Մոկիի դստեր՝ Օլիվիայի Մոկիեւսկիի հայտարարության մեջ:

1960-ականների սկզբից Մոկին որպես ռեժիսոր նկարահանել է ավելի քան 70 ֆիլմ, իսկ որպես դերասան խաղացել է ավելի քան 50 դեր: AFP-ը գրում է, որ Մոկին ֆրանսիական կինոյում իսկական անարխիստ էր, իսկ նրա կարիերան՝ կոմեդիայից մինչեւ ոստիկանական դրամա, դասակարգման ենթակա չէ:

Նրա ամենահայտնի ֆիլմերից են՝ «Մեծ լվացք», «Կույսերը», «Տարօրինակ ծխականը», «Դրամապանակ կամ կյանք», «Վկա», «Թակարդ հիմարների համար», «Սպանել ռեֆերիին», «Շփոթմունք առաջացնող գործակալը», «Արժանի դարձած հրաշքը» եւ «Ոսկե հատակը»:

Ռեժիսորը հաճախ համագործակցում էր այլ դերասանների հետ: Նրա 4 ֆիլմերում նկարահանվել է Բուրվիլը, 12-ում՝ Միշել Սերրոն, 8-ում՝ Ժան Պուարեն, ինչպես նաեւ ֆրանսիական կինոյի այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Ֆերնանդել, Կատրին Դենեւ, Ժաննա Մորո, Ջեյն Բիրկին, Կլոդ Ժադ եւ Ստեֆան Օդրան:

Ժան-Պիեռ Մոկին ծնվել է 1933թ. հուլիսի 6-ին Նիցցայում լեհերի ընտանիքում: Նրա իսկական անունը Ժան-Պոլ Ադամ Մոկիեւսկի է: Ճանաչվածություն է ձեռք բերել «Օրֆեյ» եւ «Հաղթանակածները» ֆիլմերում իր դերով: